(սկիզբը` այստեղ)
Ինձ մնում էր պատրաստվել ու տեղափոխվել Կոնդ: Առանց այդ էլ պիտի թողնեի սենյակս, պիտի զիջեի Հովհ. Քաջազնունուն ու տեղափոխվեի ուրիշ բնակարան: Բայց հարկ չունեի շտապելու. մինչև դեկտեմբերի 2-ի գիշերվա ժամը 12-ը երկրի տերը պիտի մնար հայրենի իշխանությունը, և միայն հիշյալ ժամին Վրացյանի կառավարությունն իր լիազորությունները պիտի զոհեր օտարներին: Պայմանավորված էր, որ մինչև վերջիններիս՝ այդ ժամանակ Բաքվում գտնվող և Ստալինի հաճությամբ Մոսկվայի ներկայացուցիչ նշանակված հայ գործակալների` Դիլիջանից Երևան հասնելը, իշխանության գործերը պիտի վարեին Դրոն և Սիլինը՝ Լեգրանի առաքելության խորհրդականներից մեկը:
Բայց ահա ժամը 6-ին ինձ լուր է հասցնում ընկերս՝ Աշոտ Մելիք-Հովսեփյանը (ներքին գործերի նախարարության միլիցիայի բաժնի պետը), թե Լեգրանի առաքելությունը Վրացյանից պահանջել է ավելի վաղ՝ երեկոյան ժամը 7-ից, իրեն զիջել իշխանության մի քանի իրավունքներ՝ նախնական ձերբակալություններ կատարելու համար:
Արդեն ժամը 7 ու կեսն էր: Ես ու քարտուղարս պայուսակները ձեռքներիս պատրաստվում էինք ցած իջնելու մեր տան սանդուղքներից: Դեռ դռանը չհասած, փողոցից լսում ենք ավտոմոբիլի ձայն: Հանկարծ այդ ավտոմոբիլը կանգ է առնում մեր տան առաջ, և հինգից ոչ պակաս զինված երիտասարդներ իջնում ու մոտենում են դռանը:
-Ահա, նրանք են, Վարդան, ես ընկա ծուղակ,- ասացի քարտուղարիս:
Դուռը բացվում է, և ներխուժում են անկոչ հյուրերը: Առաջինը մտնում է ինձ շատ լավ ծանոթ մեկը, 1918 թ. Բաքվում գեներալ Բագրատունու թիկնապահներից մեկը՝ Արշակ անունով թունդ դաշնակցական, իսկ այժմ, առաջին իսկ օրերին, այդ հոգեվաճառը շտապել էր փոխել իր մորթին և տեղ գտնել նորակազմ գաղտնի ոստիկանության մեջ: Այդ պարոնը նույն օրը ինձ մի քանի անգամ հանդիպել էր, այլ խոսքով՝ հետևում էր իմ քայլերին և ամեն անգամ Հուդայի ողջույնն էր ինձ տալիս: Սրանից հետո ներս է մտնում մի անծանոթ պարոն՝ խուզարկու ավազակախմբի գլխավորը, Շահումյան ազգանունով (չշփոթել հայտնի, այժմ հանգուցյալ Շահումյանի հետ):
-Դո՞ւք եք Բախշի Իշխանյանը,- հարցնում է նա ինձ:
-Այո,- պատասխանում եմ:
-Խնդրեմ, գնանք մի քանի րոպեով, այստեղ ձեզ սպասում է ավտոմոբիլը:
Հրաժեշտ տալով քարտուղարիս՝ նստեցի ավտոմոբիլ, որն ամենայն արագությամբ գլխավոր (Աբովյան) փողոցով սլացավ դեպի առաքելության շենք: Ճանապարհին, բացի Շահումյանից, մյուսները հանել էին ատրճանակները և կազմ ու պատրաստ բռնել ձեռքներին: Չնայած ընկճված տրամադրությանս, չկարողացա զսպել ինձ և դարձա նրանց հետևյալ հանդիմանությամբ.
-Տո, երեխաներ, եթե անգամ ինքներդ առաջարկեիք ինձ ցատկել այս արագավազ ավտոմոբիլից և ազատվել ձեր ձեռքից, ես չէի համաձայնի, ուր մնաց, որ այդպիսի վտանգի ենթարկեի ինձ հակառակ ձեր կամքի: Ինչո՞ւ եք, ուրեմն, հանել ձեր ատրճանակները, չե՞ք ամաչում:
Խմբի պետ Շահումյանի կարգադրությամբ նրանք պահեցին ատրճանակները:
Ճանապարհին ինձ մի քանի անգամ հարցրին՝ ունե՞մ արդյոք պայուսակների մեջ կամ վրաս ատրճանակ, փամփուշտ կամ առհասարակ որևէ զենք: Իմ հավաստիացումներին նրանք հավատացին և առաքելության շենքում չխուզարկեցին իրերս: Նրանք գիտեին, որ իմ զենքն իրենց դեմ եղել է միայն իմ գրիչը և իմ լեզուն, այսինքն՝ ամենախիստ զենքը բոլշևիկների դեմ, որից այնքա՜ն վախենում էին, և որը այնքա՜ն բուռն կերպով ատում ու հալածում էր բռնության ու բարբարոսության այդ նորելուկ սերունդը:
Առաքելությունում մնում ենք ընդամենը հինգ րոպե: Շահումյանը շտապում է Լեգրանին հայտնել իր անդրանիկ ծառայության հաջող արդյունքի մասին և նրանից գովասանքի արժանանալ: Ինձ տեղափոխում են առաքելության պարետատուն (այդ շենքը նույն փողոցում էր): Այս անգամ քայլում ենք ոտքով: Շահումյանը մոտենում է և շողոքորթ տոնով հայտնում հետևյալը.
-Ընկեր Իշխանյան, երևի դուք ինձ չեք ճանաչում, բայց վաղուց է, որ ես սոցիալիստ եմ և տարիներ շարունակ եղել եմ ձեր ոգևորված աշակերտն ու հետևորդը: Բայց այն օրից, երբ ես մտա բոլշևիկների շարքերը, մեր ճանապարհները բաժանվեցին, ու դարձա ձեր հակառակորդը, ուստի կներեք, որ այսօր կատարեցի իմ կուսակցական պարտականությունը: Մենք՝ բոլշևիկներս, ամենամեծ չափով լարվեցինք ու թշնամացանք ձեր դեմ, երբ դուք այնքան անխնա և անհաշտ կերպով պրոպագանդ մղեցիք մեր դեմ, մանավանդ մայիսյան շարժման ժամանակ: Վերջին ամիսների ընթացքում ես շարունակ այցելում էի ձեր դասախոսություններին ու լսածներս մանրամասն հաղորդում մեր առաքելությանը: Ա՜խ, ընկեր Իշխանյան, ափսոս, որ դուք մեր շարքերում չեք, մեր մեծը, մեր ղեկավարը չեք, գիտե՞ք ինչ փառքի ու պատվի կարժանանայիք։
Ես ընդհատեցի պարոնի այդ հիմար, բայց բոլշևիկի դատելակերպի տեսակետից բնորոշ զրույցը և խնդրեցի շուտ տեղ հասցնել ինձ:
Ինձ տեղավորեցին պարետի բնակարանի կից սենյակում: Պարետը՝ ջալալօղլեցի մի պարոն՝ Զոհրաբյան ազգանունով, այդ պահին բացակայում էր: Շահումյանը դիմեց պահակախմբին (12 հոգուց բաղկացած ռուս զինվորներ) և մի քանի անտեղի գովասանքներ շռայլելով իմ հասցեին՝ նրանց պատվիրեց ինձ լավ պահել ու խնամել:
Երիտասարդի տրամադրությունը շատ բարձր էր երևում: Նրան հրահանգված էր ամեն գնով առաջին հերթին ինձ ձերբակալել: Ես առաջին բանտարկյալն էի ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամբողջ հանրապետությունում. ինձ ձերբակալել էին ոչ միայն ավելի վաղ, քան Հայաստանի խորհրդային իշխանություն հաստատվելը, այլև ավելի վաղ, քան Հայաստանը պաշտոնապես խորհրդային հռչակելը, քան հին իշխանությունը իր լիազորությունները կզիջեր նոր տերերին: Ահա իր այդ առաջին հաջողությունից գոհ ու վարձատրված՝ ձերբակալություններ կատարող նորակազմ ավազակախմբի պետ Շահումյանը մտածել էր գերազանցել իր անմիջական պարտականությունները, այսինքն՝ դուրս գալ իրեն հանձնված իշխանության լիազորությունների սահմաններից և ձերբակալություն կատարել սեփական նախաձեռնությամբ: Մի ժամ չանցած ինձ մոտ բերեցին Հովհ. Քաջազնունուն: Բայց կես ժամ անց նրան ազատ արձակեցին: Պարոն Շահումյանը շատ հեռուն էր գնացել իր պնակալեզության մեջ: Տեսնելով, որ անմիջական ձերբակալության ենթակա գործիչները հեռացել են քաղաքից, նա, առանց հատուկ հրաման ունենալու, ձերբակալել էր մի մարդու, ով հայկական կառավարության վարած հակաբոլշևիկյան քաղաքականության ամբողջ շրջանում գտնվել էր Հայաստանի սահմաններից դուրս և իբրև այդպիսին անձնական ոչ մի պատասխանատվություն չէր կրում: Քաջազնունիներին ձեռք տալու ժամը դեռ չէր հասել, այդպիսիներին կարելի էր ձերբակալել միայն վերջին հերթին: Այդ էր պատճառը, որ նրան անմիջապես ազատեցին:
Այդ գիշեր այլևս ոչ ոքի չբերեցին. Լեգրանի մատնանշած «նախնական ձերբակալությունների» ենթակա զոհերն արդեն մազապուրծ էին եղել շահումյանների ճանկերից: Բայց դրա փոխարեն ամբողջ գիշեր խուզարկու խմբակը իր ողջ եռանդը թափել էր ապրանքաթալանի վրա. սրա-նրա ձեռքից խլում-բերում էին այն ամենը, ինչ տեսնում էին բանուկ փողոցի այս կամ այն մասում, առարկելով, թե՝ քաղաքացիներն ուզում են փախցնել իրենց գույքը՝ գալիք իշխանությունից թաքցնելու համար:
Այդ երեկո պարետի շենքում տեսա մի տիպի, որը պակաս զարմանք չպատճառեց ինձ: Հետ ու առաջ գնում-գալիս և օտար տուն մտած ու մարաղած կատվի նման իր մկնորսական հավատարմությունը ցույց տալու համար այսուայն կողմ էր նայում մի պարոն՝ Աբել Շիրինյան անունով: Դա այն պարոնն էր, որի եղբորը Խորենու հետ նույն թվականի օգոստոս ամսին բոլշևիկները սրախողխող էին արել Զանգեզուրում, Գորիսի բանտում. դա այն պարոն Աբելն էր, որը, որպես դաշնակցական և Ալեքսանդրապոլի երկաթուղային կազմակերպված բանվորության ներկայացուցիչ, նույն թվականի ապրիլի վերջերին, երբ ես գնացել էի Ալեքսանդրապոլ մի քանի դասախոսություններ կարդալու համար, դիմել էր ինձ ու բանվորության կողմից խնդրել բոլշևիզմի մասին մի հատուկ դասախոսություն կարդալ իրենց համար: Ահա այդ նույն Աբելը, թքելով իր վաղամեռ եղբոր հիշատակի, հետևապես և իր սեփական ինքնասիրության ու պատվազգացության վրա, ծախելով իր խիղճն ու հոգին, խաչ քաշելով իր կուսակցական անցյալի վրա, շտապել-եկել էր բոլշևիկյան առաքելության մոտ՝ լրտեսության անարգական պաշտոնը ստանձնելու: Որքան ծանր էր ինձ համար հաջորդ առավոտ լսել ռուս պահակ զինվորի նախատական խոսքերը Աբել Շիրինյանի հասցեին, երբ վերջինս շարունակ գնում էր դուրս՝ փողոց, և գալիս փսփսում պարետի ականջին:
-Մի՞թե այսպիսիք մարդ են, մի՞թե սրանք խիղճ, պատիվ և ազնվություն ունեն,- ասաց նոր զինվորագրված և բոլշիկյան բանակում տակավին չփչացած ռուս զինվորը, ձեռքն ուղղելով դեպի Ա. Շիրինյանը:- Շարունակ գնալ փողոց, լրտեսել մարդկանց, նրանց բնակավայրերը և գալ ու մատնել:
Խեղճ զինվորը չգիտեր, որ դա բոլշևիկների սրբագործված համակարգն էր, նա չգիտեր, որ բոլշևիկյան «գործիչների» ավազակախմբերում վխտում էին նման տիպերը, և մեծ ու փոքր հոգեվաճառ աբելները ճնշող մեծամասնություն էին կազմում, այսպես կոչված, «կոմունիստական» կուսակցության և մանավանդ սրա ենթաճյուղ հայ «կոմունիստների» մեջ: Եվ որքան աբելները եռանդուն ու ջանասեր էին լինում իրենց «ընտրած» տխրահռչակ ասպարեզներում, այնքան նրանք վարձատրվում էին ըստ հարկի: Աբել Շիրինյանը, որ հազիվ հասարակ ոստիկան լինելու արժանիք ուներ, հետո նշանակվեց Էջմիածնի հեղկոմի (կամ հեղափոխական կոմիտեի. այդպես է կոչվում բոլշևիկների բարձր գործադիր իշխանությունը կամ կառավարությունը) անդամ: Եվ դժբախտ հայ երկիրը պիտի դառնար կառավարական մարզանքների այն տխուր վայրը, ուր առաջնակարգ ու երկրորդական աբելները պիտի ի ցույց դնեին իրենց մտքի ու հոգու բոլոր այլասերված գծերն: Իհարկե, հայ բոլշևիկները կարող են միմյացից տարբերվել իրենց անհատական առավել կամ պակաս բարեմասնություններով, բայց մի ընդհանուր գծի վրա նրանք բոլորն անխտիր միևնույն տխուր դերերի մեջ են գտնվում. բոլոր հայ բոլշևիկները հանդիսանում են ռուս պետության իրական քաղաքականության մասամբ մոլորված և մասամբ գիտակից գործիքներ, նրանք բոլորը Լենին-Տրոցկու հլու-հնազանդ ճտերն են, ողորմելի թութակները:
Ժամը արդեն տասն էր: Մի ժամ առաջ առաքելությունից ինձ թեյ և ընթրիք էին ուղարկել: Պարետը՝ արտաքուստ բավական քաղաքավարի և սիրալիր մի երիտասարդ, ինձ հրավիրեց քնելու: Արդեն քուն էր մտել ամբողջ պահակախումբը, բացի մեկից, որը պիտի հսկեր ինձ, հետևեր իմ յուրաքանչյուր շարժմանը: Երբ ես պահակի ուղեկցությամբ մի վայրկյանով դուրս գնացի ու վերադարձա, պարետը հեռաձայնով խոսում էր առաքելության հետ: Վերջին խոսքը, որ սենյակ մտնելիս լսեցի, հետևյալն էր.
-Այո՛, այո՛, ոչ ուշ, քան առավոտյան ժամը հինգին,- ասաց պարետը և կախեց ընկալուչը:
Իմ աչքում չափազանց խորհրդավոր թվացող այդ խոսքերը մեխվեցին գլխումս և քուն ու հանգիստ չտվին ամբողջ գիշեր:
(շարունակելի)
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ